ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ազնի՞վ էր արդյոք Ֆրանց Վերֆելը

Ազնի՞վ էր արդյոք Ֆրանց Վերֆելը
20.04.2023 | 22:44

Գուրգեն Յանիկյանի բանտային հուշագրությունում աղմկոտ բացահայտումները շատ են: Այս մեկն այսօր այլևս անհնար է ապացուցել, բայց պետք է իմանալ՝ գոնե մեր անհայտ հայրենակցի հիշատակի համար: Մանավանդ, որ խոսքը Հայոց ցեղասպանությանը նվիրված՝ աշխարհում թերևս ամենահայտնի գրական երկի մասին է:

«Արձակուրդս անցկացնում էի Երուսաղեմում, ապրում էի «Քինգ Դավիդ» հյուրանոցում ու հաճելի ժամանակ անցկացնում: Մի օր ինձ տեսության եկավ լղար, տանջված դեմքով, բավականին զարգացած մի հայ վարժապետ-սարկավագ: 45 տարիների հեռուներից անունը մոռացել եմ, բայց իմ թղթերում պահպանվող մի գրության մեջ կա նրա անունն ու կարճ կենսագրությունը:

Մասնակցել էր Մուսա Դաղի հերոսամարտին և հետագայում գրել այդ գիրքը: Գիտակցելով, որ իր անունով հրատարակված գիրքը չպիտի արժանանա պետք եղած ուշադրության, նա կապվում է գերմանացի հայտնի գրողի հետ և ինքը թարգմանելով հայերենից գերմաներեն (որին լիովին տիրապետում էր), առաջարկում է, որ նա հրատարակի այն Գերմանիայում: Գիրքը հրատարակվում է և մեծ աղմուկ հանում աշխարհում: Մինչև այսօր էլ այդպես է:

Եկել էր ինձ տեսնելու Պարսկաստանի մի ինչ-որ բարեկամի խորհրդով՝ թե ի՞նչ ընթացք բռնի: Այդ հայտնի գերմանացի գրողը խոստացել էր իրական հեղինակին լավ վարձատրել, բայց չէր կատարել իր խոստումը, և մի փոքր գումար տալով ցանկացել էր հաշիվը փակել:

Ի՞նչ խորհուրդ կարող էի ես տալ. ո՛չ պայմանագիր գոյություն ուներ, ո՛չ ստորագրություն: Ճիշտ է, այդ խաբված հեղինակի մոտ կային իր ձեռքով գրված գերմաներենի պատճենը և հայերենն էլ, բայց չկար հնարավորություն փաստելու, որ հրապարակ ելածը իր գրածն է, և իր մոտ եղածը հրապարակվածի թարգմանությունը չէ: Հեղինակի վրդովված ինքնասիրությունը և աշխարհին իր անհայտ լինելը չէին կարող անժխտելի փաստ համարվել, երբ իր դիմաց ուներ հայտնի անուն և դրամ ունեցող մի գերմանացի, կարծեմ ծագումով հրեա, հեղինակ, որի խիղճը հանգիստ էր, որովհետև մի չնչին գումար վճարելով՝ կարծում էր, թե իր պարտքը կատարել է: Ամեն ընթերցողի համար պարզ է, որ օրակարգով այդպիսի մանրամասնություններ կարող էր գրել միայն այնպիսի մեկը, որը մասնակցել էր Մուսա Դաղի հերոսամարտին: Բացի դրանից, գրելու ոճը և ձևը բոլորովին տարբեր էին անխիղճ գերմանացու մյուս գրվածքներից: Խոստացա, որ եթե կարիքը լինի ես պատրաստ եմ հրապարակ գալ որպես վկա և պատմել իր այցելության նպատակի մասին: Ես պակաս հուզված չէի, քան այդ թալանվածը, որը նույնիսկ չէր կամենում ինձնից օգնություն ընդունել, ինչը չնչին էր՝ համեմատած իր կորցրածի հետ:

1946 թվին, երբ արդեն հաստատվել էինք Ամերիկայում, մեր դրացի ու հայրենակից պրն Արշակ Տիգրանյանը Բևերլի Հիլզի իր բնակարանում մի ճաշկերույթ էր կազմակերպել, որտեղ հրավիրյալների թվում էինք նաև ես և կինս, իմ բարեկամ փաստաբան Ֆերոյանն իր կնոջ հետ, ու գերմանացի հեղինակի կինը: Ամուսինն արդեն մեռել էր:

«Մուսա Դաղի» նկարահանման իրավունքը 30 հազար դոլարով արդեն վաճառված էր Մ.Գ.Մ. (ըստ երևույթին խոսքը հոլիվուդյան Մետրո Գոլդուին Մայեր ընկերության մասին է- Կ.Վ.) շարժանկարի ընկերությանը:

Փաստաբան Ֆերոյանը արդեն գիտեր պատմությունը: Ես քաղաքավարի, որքան կարող էի դիվանագիտական ձևեր բանեցնելով, սկսեցի զրուցել տիկնոջ հետ՝ կամաց-կամաց հրապարակ հանելով իմ ունեցած տեղեկությունները: Տիկինը չզարմացավ և ընդունեց, որ իր ամուսինն այդ գիրքը գրելու նպատակով կապվել էր մի քանի հայերի հետ՝ մանրամասնությունների համար, և լիովին վճարել էր նրանց տված տեղեկությունների դիմաց:

Մինչև այսօր էլ ես համոզված եմ, որ կան անհատներ, որոնք կարող են փաստել, որ «Մուսա Դաղի» հեղինակը այդ գերմանացին չէ, այլ այն հայ լղար ու գունատ վարժապետ-սարկավագը, որը եկել էր ինձ տեսության: Իմացողները ինչու՞ հրապարակ չեն գալիս, որ հեղինակության դափնե պսակը գրավի իր արժանի տեղը, և եթե նույնիսկ գրողը ողջ չէ, գոնե հետմահու ստանա իր արժանի գնահատականը որպես հեղինակ՝ պատմության համար, և հասույթն էլ ուղղվի նրա հարազատներին...»:

Գուրգեն ՅԱՆԻԿՅԱՆ

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 2784

Մեկնաբանություններ